Վիքիճամբար
  • ENG
  • РУС
  • ՀԱՅ
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ

ԼՍԻՐ ՄԵՐ
ՃԱՄԲԱՐԱԿԱՆՆԵՐԻՆ

ՆՈՐԱՅՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

16/5/2017

Комментарии

 
Վիքիճամբարն ինձ հնարավորություն ընձեռեց շատերի հետ կիսելու իմ խոհերն ու համոզմունքները ոչ միայն Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի, այլև ցանկացած այլ թեմայի վերաբերյալ։
Թերևս իմ մեծագույն ձեռքբերումը կարող եմ համարել այն, որ վիքին իմ մեջ սերմանեց սեր և հետաքրքրություն օտար լեզուների հանդեպ։
Picture
Վիքի նախագծերում առաջին խմբագրումս կատարել եմ պատահականորեն՝ զուգադիպությամբ։ Ինչպես ցանկացած պարտաճանաչ դպրոցական, այնպես էլ ես, դասերին լիարժեք պատրաստ լինելու համար բազմիցս առնչվել եմ Վիքիպեդիա բազմալեզու հանրագիտարանի հետ։ Ինձ միշտ հետաքրքրել է, թե որքանո՞վ է հավաստի այնտեղ ներկայացված ցանկացած պնդում, սակայն չկար մեկը, ով կպատասխաներ հարցերիս։

Ձմեռային մի օր՝ հիշում եմ, Ամանորից հետո էր, հանկարծակի հեռուստացույցով լսեցի, որ իմ հասակակից շատ երիտասարդներ Վիքիպեդիայի հարթակն օգտագործում են իրենց գիտելիքները հանրության հետ կիսելու համար։ Ես էլ, որպես հետաքրքրասեր անձնավորություն, որոշեցի անմասն չմնալ այս գործընթացին և սկսեցի խմբագրումներ կատարել՝ սկզբում ուղղելով նախկինում իմ կողմից նկատված սխալները։ Առաջին խմբագրումներս կատարեցի առանց համակարգ մուտք գործելու, իսկ հետո նկատեցի գրանցման պատուհանը։ Այնուամենայնիվ ես չգրանցվեցի՝ կարծելով, որ այդ գործընթացը կլինի ոչ այնքան դյուրին և ժամանակատար։ Անցավ 1 տարի և փետրվարի 13-ին, որպես գրանցված մասնակից, ես ստեղծեցի իմ անդրանիկ հոդվածը Վիքիպեդիայում, որը պատմում էր համաշխարհային պատմության իմ դասի՝ Ժողովուրդների մեծ գաղթի մասին։ Մինչ այս ամենն անելը նշեմ, որ նախկինում հարցերիս պատասխանը գտնելու համար բազմիցս զանգահարել եմ Վիքիմեդիա Հայաստան ԳՀԿ-ի գրասենյակ, որից հետո ինձ պարզ դարձավ նաև այն, որ վիքի հոդվածները գրվում են ոչ թե մեկ կամ մի քանի անձի, այլ ամբողջ համայնքի քրտնաջան աշխատանքի շնորհիվ։

Անցավ որոշ ժամանակ։ Ես վիքի մասնակիցներին սկսեցի ճանաչել էկրաններից դուրս՝ իրական կյանքում և ապա Վիքիճամբարի մասնակցության հրավեր ստացա։ Ի դեպ՝ ինձ հրավիրողն այն անձն էր, ով ինձ սովորեցրել էր տիրապետել վիքիգործիքներին և խմբագրման պատուհանին և ում շնորհիվ ստացա շատ հարցերիս պատասխաններ։ Հրավերից ոգեշնչված՝ ես սկսեցի ավելի ու ավելի շատ խմբագրել՝ ընդլայնելով նաև հոդվածներիս թեմատիկ բազմազանությունը։

Վիքիճամբարն ինձ համար իրական հնարավորություն էր գիտելիքներիս պաշարի համալրման, նոր ընկերների ձեռք բերման և ինչու չէ նաև նոր միջավայրում ինտեգրման համար։ Վիքիճամբարն ինձ հնարավորություն ընձեռեց շատերի հետ կիսելու իմ խոհերն ու համոզմունքները ոչ միայն Վիքիպեդիայի և մյուս վիքինախագծերի, այլև ցանկացած այլ թեմայի վերաբերյալ։ Վիքին նաև ինձ համար հարթակ էր, ուր կարող էի շատերին ծանոթացնել իմ սիրելի երկրի՝ Հունաստանի մշակույթի և փառահեղ պատմության մասին։

Թերևս իմ մեծագույն ձեռքբերումը կարող եմ համարել այն, որ վիքին իմ մեջ սերմանեց սեր և հետաքրքրություն օտար լեզուների հանդեպ։ Դրա ապացույցն է այն, որ Վիքիճամբարի շրջանակներում ամեն տարի ավելացնում եմ իմ գիտելիքները վրացերեն լեզվի վերաբերյալ։ Վիքիպեդիայում հոդվածներ գրելը նախ և առաջ զարգացնում է թարգմանչական ունակությունները և զարգացնում լեզվի իմացության մակարդակը։
Комментарии
Picture
Picture
 հեռախոս։ +37441118800
Picture
Վիքիմեդիա Հայաստան 2023
Կայքի բովանդակությունը հասանելի է Քրիեյթիվ Քոմոնս Հղման-Համանման տարածման թույլատրագրի ներքո, առանձին դեպքերում հնարավոր են հավելյալ պայմաններ։

Picture
  • Օրակարգ
  • ԳՐԱՆՑՎԻՐ ԱՅՍՕՐ